«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Գրեթե որեւէ հետաքրքրության չներկայացնող այս այցը, որը լրահոսում երեւաց զուտ որպես պաշտոնական տեղեկատվություն, իրականում սկանդալային իրադարձության է:
Եվ ահա թե ինչու: Նախ, վարչապետին «Ալեքս տեքստիլում» ուղեկցել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Սակայն իրավական տեսանկյունից նա որեւէ առնչություն չունի «Ալեքս տեքստիլի» հետ: Այդ ընկերությունը իրավական տեսանկյունից պատկանում է նրա դստերը: Իսկ Ալեքսանյանը բազմիցս հայտարարել է, որ չունի բիզնես: Այս հանգամանքի վրա կարելի էր ընդհանրապես ուշադրություն չդարձնել, եթե կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված նկարների միջից չբացակայեր հատկապես Սամվել Ալեքսանյանի հետ լուսանկարները: Դե... լուսանկարը հաղորդագրությամբ ուղարկել են, հետո գլխի ընկել, որ ՀՀԿ-ի ոեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ախր, չէր կարող լինել «Ալեքս տեքստիլում»: Ախր նա բիզնես չունի: Նա պատգամավոր է եւ բազմիցս այդ մասին հայտարարել է, ու կառավարության կայքում տեղադրել են բոլոր այն լուսանկարները, որոնք ուղարկվել են ԶԼՄ- ներին հաղորդագրության տեսքով, բացի հենց այն երկուսից, որոնցում երեւում է Սամվել Ալեքսանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























