Մեկնարկել են «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Երեւանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի շինարարության նախապատրաստման աշխատանքները։
Ընկերության տեխնիկական տնօրեն Արկադի Գեւորգյանի փոխանցմամբ, այս պահին ընթանում են ենթակայանի կառուցման շինհրապարակի կարգաբերման միջոցառումներ, կատարվում են հողային աշխատանքներ։
«Ծրագրի իրականացմամբ «Երեւանի ՋԷԿ»-ը կունենա 220 կՎ նոր ենթակայան, ինչը պայմաններ կստեղծի կրճատելու սարքավորումների խափանումների հաճախականությունը, կբարձրացնի ենթակայանի աշխատանքի հուսալիությունն ու արդյունավետությունը, հնարավորություն կընձեռի նոր ջերմային էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան փոխանցել համակարգ»,-հավաստիացրել է Արկադի Գեւորգյանը։
Նոր ենթակայանի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018թ.։ Այն իրականացնում է AB SUBSTATIONS AND COBRA INSTALACIONES Y SERVICIOS S.A. (Շվեդիա/Իսպանիա) կոնսորցիումը։ Ենթակայանի կառուցման արժեքը կազմում է շուրջ 17 մլն եվրո։
Հիշեցնենք, որ «Երեւանի ՋԷԿ»-ի գործող ենթակայանը շահագործման է հանձնվել 1963թ.։
Վերջինիս խափանման դեպքում կայանն անջատվում է ցանցից եւ անհրաժեշտություն է առաջանում գործարկել այլ՝ ավելի թանկ հզորություններ։ Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր է «Երեւանի ՋԷԿ»-ում արտադրվող էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը։ Հատկապես, որ այս կայանին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 20 տոկոսը:





























