Աշխարհում առաջին զվարճանքների թեմատիկ այգու` «Դիսնեյլենդի» քարտեզի նախագիծը, որը Ուոլթ Դիսնեյը ձեռքով է նկարել, ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է 708 հազար դոլարով, հայտնում է Reuters-ը:

Լոս Անջելեսում տեղի ունեցած աճուրդի կազմակերպիչն էր Van Eaton պատկերասրահը:

Վաճառքի գինը քարտեզի գնահատված արժեքի ստորին սահմանների մակարդակում է, որը կազմում էր 700-900 հազար դոլար:

Խոսքը վերաբերում է այդ ժամանակ դեռեւս չկառուցված այգու քարտեզին, որը 1953 թվականին Դիսնեյը նկարիչ Հերբ Ռայանի հետ համատեղ է նկարել: Հայտնի մուլտիպլիկատորը ցանկանում էր իր երազանքի նախագծի ֆինանսավորման հասնել, որն իրականացվեց 1955 թվականին, երբ «Դիսնեյլենդն» այցելուների առջեւ իր դռներն առաջին անգամ բացեց Քալիֆորնիայի հարավում գտնվող Անահայմ քաղաքում: