Հայաստանի կառավարությունը բավական ռիսկային որոշում է կայացրել՝ Սեւանա լճի ափին ստեղծել նորագույն բարձրլեռնային մարզական կենտրոն։ Սա, ըստ էության, Ծաղկաձորի այլընտրանքն է։ Սակայն նկատենք, որ Ծաղկաձորում թեեւ բարելավվել են հանգստի ու մարզումների կազմակերպման պայմանները, այնուամենայնիվ հանգստյան տներն ու հյուրանոցները տարվա մեծ մասում թերբեռնված են։ Այս առումով՝ Սեւանի մարզաբազայի կառուցման գաղափարը ռիսկային է։
Ըստ այն հայեցակարգի, որը մշակել է էկոնոմիկայի նախարարությունը, եւ որը կառավարության առաջիկա նիստի ընթացքում կքննարկվի կառավարության կողմից, նոր մարզաբազան պետք է համալրված լինի գերժամանակակից մարզագույքով եւ մարզասարքերով։ Սակայն համալիրը ծառայելու է ոչ միայն մարզիկներին, այլեւ հանդիսանալու է ընտանեկան հանգստի կազմակերպման վայր։ Նախատեսվում է մարզաբազան կառուցել Ծովագյուղի մոտակայքում։
Հայեցակարգի մշակման հեղինակները գտնում են, որ Սեւանի մարզաբազան առավելություններ կունենա ԱՄն-ի եւ Շվեյցարիայի նմանատիպ բազաների համեմատ։




























