2016-ին Հայաստանի ֆինանսավարկային ընկերությունները ավելի քիչ շահութահարկ են վճարել։ Այս մասին ասվում է 2016-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունում, որի քննարկումը ԱԺ մշտական հանձնաժողովներում կավարտվի առաջիկա երկուշաբթի։ Նվազումը շատ կտրուկ է եղել՝ 50․2 տոկոսով կամ էլ 6 մլրդ դրամով։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ, շահույթի հիմնական անկումը ոչ թե իրական, այլ հաշվապահական է, ֆինանսական հաշվետվության միջազգային նոր ստանդարտին (IFRS) անցնելու հետևանքով։ Իսկ այն ավելի խիստ է գնահատում վարկային պորտֆելը՝ չվճարելու ռիսկերի մասով։ Դրա համար էլ վարկերը, որոնք ներկա ստանդարտով համարվում են ակտիվներ, նորով ստիպված են լինում որպես ծախս ներկայացնել։ Բարձրացել են նաեւ ակտիվների ռեզերվավորման հանդեպ պահանջները; «Այդ ամենը ազդում է շահութահարկի բազայի ու փաստացի վճարների վրա»,- պարզաբանեց Անանյանը։
IFRS 9 –ը մշակվել է 2014-ին ու ուժի մեջ է մտել 2018-ից ( այսինքն 2017-ի հաշվետվությունների համար)։ Բայց Հայաստանի շատ բանկեր արդեն հիմա են անցնում դրան, որպեսզի հաշվետվությունները համադրելի լինեն նաեւ նախորդ տարվա՝ 2016-ի հետ։




























