Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Կատարի էմիր Թամիմ Բեն Համադ ալ-Թանին հեռախոսազրույցում քննարկել են Դոհայի եւ Պարսից ծոցի երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը մանրամասն քննարկել են պետությունների հարաբերություններում առկա ճգնաժամը: Վլադիմիր Պուտինն ընդգծել է քաղաքական-դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը՝ ուղղված տարաձայնությունները հարթելուն եւ ստեղծված իրադրության կարգավորմանը:
Երկրների ղեկավարները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանը եւ մի շարք հեռանկարային նախագծերին վերաբերող հարցեր, այդ թվում՝ ներդրումային ու էներգետիկ ոլորտներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Բահրեյնի թագավորի հետ, որը Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներից է:





























