Wikileaks-ի հրապարակած նյութերի մեջ կա նաեւ 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմի օրերին ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի փաստաթուղթը, որը նկարագրում է իրավիճակը Հայաստանում:

Մասնավորապես Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի նամակում նշվում է, որ Հայաստանի իշխանություններին դժգոհեցնում է այն փաստը, որը վրացական կողմն անընկալունակ է շփման մեջ մտնելու Հայաստանի ջանքերին:

Փենինգտոնը գրում է, որ առավել անհարգալից էր այն, որ Վրաստանի արտգործնախարարը օգոստոսի 15-ին Հայաստանի օդային տարածքով Վրաստան գնալիս հրաժարվել է Երեւանի օդանավակայանում կարճատեւ վայրէջքի ժամանակ մի քանի րոպեով հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ:

 «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տեղական ԶԼՄ-ներում ենթարկվեց քննադատության այն բանի համար, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցից հետո իբր չէր կարողացել հեռախոսով կապվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Հայերը կարծում են, որ իրենց բարի մտադրություններին պատասխանել են սառը ցնցուղով», - ասվում է նամակում:

Փենինգտոնը գրում է, որ հրապարակային ելույթներում Հայաստանի ղեկավարությունը Վրաստանի մասին արտահայտվում է բարեհամբույր տոնով, թեեւ եղել են նաեւ առաջարկներ փոխել վերաբերմունքը, եթե Թբիլիսին շարունակի նույն ոգով:

 «Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանի խոսքով, Հայաստանը փորձել է օգնել Վրաստանին` ընդունելով 4 հազար փախստականների եւ առաջարկելով հումանիտար միջանցք բացել Հայաստանով: Նա ընդգծել է, որ Հայաստանին անհրաժեշտ են լավ հարաբերություններ Վրաստանի հետ ոչ միայն տնտեսական տեսանկյունից, այլեւ տարածաշրջանում կայունության համար: Չնայած այդ ջանքերին, Սահակաշվիլին ավելի քան մեկ շաբաթ հրաժարվում էր պատասխանել Հայաստանի նախագահի զանգերին, հայ գործընկերոջ զանգերին չէր պատասխանում նաեւ Վրաստանի արտգործնախարարը: Վրաստանի արտգործնախարար Տկեշելաշվիլին օգոստոսի 15-ին երեւանյան օդանավակայանում հրաժարվեց հանդիպել Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ», - գրում է Փենինգտոնը:

«Ինչ են նրանք ուզում մեզանից: Հայաստանը ձեռնպահ է մնացել Վրաստանի հասցեին որեւէ բացասական արատահայտությունից, իսկ այդպիսի հայտարարությունների դեպքում Ջավախքի հայերի ռեակցիան շատ վտանգավոր կլիներ Վրաստանի համար: Սա այն խաղաքարտը չէ, որ Հայաստանը պատրաստվում է խաղարկել Վրաստանի դեմ, այլ ուղղակի իրականություն է», - ասել է Նալբանդյանը: