Ձգձգված հակամարտությունների խնդրի լուծումը լինելու է ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության գերակայություններից մեկը: Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:
«Մենք տեսնում ենք, որ չլուծված հակամարտությունները խոչընդոտում են այդ երկրների զարգացմանը եւ խանգարում են ավելի ակտիվ եվրոպական ինտեգրմանը»,- ասել է Աժուբալիսը ադրբեջանական Trend գործակալությանը:
Նախարարի խոսքով, Լիտվայի համար որպես ԵԱՀԿ ապագա նախագահի, շատ կարեւոր է շարունակել նախորդների գործունեությունը, նախկին ԽՍՀՄ տարածքում հակամարտությունների լուծման ուղղությամբ:
«Կարեւոր է առավելագույնս օգտագործել բանակցությունների առկա ձեւաչափերը եւ չշեղվել: Հարավային Կովկասի դեպքում դրանք Ժնեւյան քննարկումներն ու ԵԱՀԿ Մինսկի խումբն են: Մենք լիովին վստահում ենք այդ ձեւաչափերի ղեկավարներին»,- ասել է Աժուբալիսը:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, 2011թ. ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Ղազախստանին կփոխարինի Լիտվան:




























