Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում կանցկացվի «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը. այս տարի նշվելու է «Բազե» հավաքի ստեղծման 15-ամյակը, ուստի նախատեսված են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ երիտասարդական ամենամեծ միջոցառման հոբելյանը նշանավորելու համար։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ «Բազե» հավաքի տնօրեն Հրաչյա Ստեփանյանը նշում է, որ 15 տարիների ընթացքում երիտասարդական այս ծրագրում շատ բան է փոխվել, սակայն հիմնական գաղափարը, նպատակը, որ ի սկզբանե դրված է եղել միջոցառման հիմքում՝ առողջ մրցակցության սերմանում, տարբեր ոլորտներում լավագույնների բացահայտում, մնացել է նույնը։ Ըստ հավաքի տնօրենի՝ տարեցտարի ավելացել է մասնակցել ցանկացողների թիվը, ընդ որում՝ երկրորդ-երրորդ անգամ մասնակցելու համար, ինչը վկայում է, որ հավաքը ծառայում է իր նպատակին եւ հետաքրքրություն է վայելում երիտասարդների շրջանում։ Հրաչյա Ստեփանյանը նշում է, որ հավաքի սկզբունքներից մեկն այն է, որ դրան կարող են մասնակցել միայն մեկ անգամ, սակայն 15-ամյակի կապակցությամբ որոշակի բացառություններ արվել են՝ հին բազեականներին համախմբելու համար։

Այս տարի հավաքի ծրագրում ավելացել են նոր մրցաձեւեր, դրանք մշակութային բլոկում են։ Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ լուսանկարչությունը մեծ զարգացում է ապրում երիտասարդների շրջանում, մրցաձեւերին ավելացել է լուսանկարչությունը. արված կադրերն ավելի պատկերավոր կարտահայտեն «Բազե» հավաքի առօրյան։ Բացի այդ, կլինեն նաեւ այլ նորույթներ։

Այս տարի «Բազե» հավաքի գեղարվեստական ղեկավարն է լինելու դերասան Գրիգոր Դանիելյանը, ով հավաքի հնաբնակներից է։ Տարիներ առաջ նա եղել է հավաքի ճակատներից մեկի գեղարվեստական ղեկավարը, մեծ փորձ ունի, եւ Հրաչյա Ստեփանյանի համոզմամբ՝ հոբելյանական հավաքին Գրիգոր Դանիելյանը նոր շունչ կհաղորդի։

Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Այն համախմբում է Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի շուրջ 500 երիտասարդների, ովքեր հավաքի 7 օրերի ընթացքում ուժերն են չափում տարբեր մրցաձեւերում։