Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում, եռամսյա բուռն շինարարական աշխատանքներից հետո, բնակարանամուտ են տոնել: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կարապետյանների ուրախությունը կիսել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ  «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը:

Քսաներեք տարի վագոն-տնակում անհարմարություններ զգացած Կարապետյանների ընտանիքը փորձել է հարմարավետ պայմաններ ստեղծել եւ փոխել իրավիճակը: Գործադրված ջանքերը, սակայն, սահմանափակվել են մի փոքրիկ կիսակառույցով, որը ծառայել է եւ՛ որպես հյուրասենյակ, եւ՛խոհանոց եւ՛ ննջասենյակ: Գարնանը մեկնարկած բնակարանաշինության ծրագրով, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության արդյունքում, զրկանքների միջով անցած Կարապետյանների երազանքը վերջապես կատարվել է: Եռամսյա շինարարության արդյունքում կառուցվել է հարմարավետ հյուրասենյակով, երկու ննջասենյակ, խոհանոց եւ սանհանգույց ունեցող տունը:

«Դեռ  վաղ գարնանն այնքան մշուշոտ ու հեռու էր այս օրը: Եղբայրս հենաշարժողական խնդիրներ ունի, մայրս հիվանդ էր, վերջերս է մահացել, հայրս ու ես հազիվ ենք կարողանում օրվա հացի խնդիր լուծել, ուր մնաց թե կարողանայինք սկսել ու ավարտել տան շինարարությունը: Ձեր օգնությունն այն հրաշքն էր, որ տարիներ ի վեր մեր գլխին կախված մութ ամպերը ցրեց: Աննկարագրելի է մեր ուրախությունը: Շնորհակալ ենք »,-ասել է Նոնա Կարապետյանը, ընտանիքի դուստրը:

Մինչեւ տարեվերջ, Հայաստանի չորս մարզում կավարտվի յոթ կիսակառույցի շինարարություն: Հաջողված համագործակցության արդյունքում, ծրագրով ընդհանուր առմամբ 146 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել:

«Ասում են՝ խնդիրները ստիպում են ամրանալ ու պայքարել: Բայց երբ դրանք տարիներ են տեւում՝ թուլացնում են նպատակին հասնելու կամքը: Այս ծրագիրը մեկն է նրանցից, որը փակում է հուսահատության տանող ճանապարհը: Հերթական ընտանիքն այսօր հրաժեշտ է տալիս վագոն-տնակին, որի անհարմարությունն ստիպված կրել է քսաներեք տարի. մի ամբողջ երիտասարդություն: Տարիների զրկանք տեսած եւս մեկ ընտանիք վերջապես կապրի իր երազանքների տանը: Դա մեր՝ գործընկեր կառույցներիս հաջողությունն է նաեւ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շատ դեպքերում թվերը խոսուն են, շատ դեպքերում էլ՝ անհնար է լինում թվաբանության մեջ տեղավորել փոխված ճակատագրերն ու ընտանիքի գալիք հաջողությունները: Այս տան կառուցումը մի քիչ տարբեր էր մյուսներից. միայն ընտանիքի տարեց հայրն էր ի վիճակի շինարարական աշխատանքներ իրականացնել, բայց համայնքի կամավորներն իրենց մեծ աջակցությունը բերեցին շինարարական աշխատանքներին՝ շատ արագ ավարտելով այն: Այժմ ընտանիքը բավական հարմարավետ, կենցաղային բոլոր հարմարություններով բնակարան ունի»,-ասել է կազմակերպության նախագահ ԱշոտԵղիազարյանը:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 25 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել: