2017-2022 թվականների կառավարության ծրագրի համաձայն՝ Հայաստանում մշակութային իրադարձություների հետագա զարգացում ու դրանց որակի բարձրացում է կանխատեսվում։ Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։
Պաշտոնյան հավելեց, որ զարգացմանը զուգընթաց՝ մշակույթը պետք է ապահովի նաեւ այլ ոլորտների զարգացումը, ինչպես, օրինակ, զբոսաշրջությունը։
«Պետք է այնպես անել, որ մշակույթը հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին։ Մշակույթը պետք է մուտք ունենա յուրաքանչյուր տուն, քանի որ մշակութային ժառանգությունը հսկայական է, իսկ մեր ժամանակակից մշակույթի զարգացվածությունն այնպիսին է, որ դրանցի պետք է բոլորն օգտվեն»,- նշեց փոխնախարարը։
Պողոսյանի խոսքով՝ մշակույթը նաեւ զգալի տնտեսական բաղադրիչ պետք է ունենա։ «Դա չի նշանակում, որ մշակույթը ցանկացած գնով գումար պետք է աշխատի։ Հարցը դա չէ, այլ այն է, որ մշակույթը պետք է կոմերցիոն բաղադրիչ ունենա, որը կներդրվի հենց նրա զարգացման համար»,-հստակեցրեց փոխնախարարը։





























