Մտադրություն կա Հայաստանում կրթության եւ գիտության ոլորտը բարելավելու համար կիրառել TAIEX եւ TWINNING գործիքները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մերեդիթի գլխավորած պատվիրակության կազմում էին` ԵՀ Հարեւանության եւ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը եւ Ֆինանսական եւ իրավական համակարգման բաժնի ղեկավար Նիկոլ Սմիթը: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նախարար Լեւոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը` Հայաստանի կրթության ոլորտին տրամադրվող շարունակական աջակցության համար:
Ըստ նախարարի` Հայաստանի կրթական համակարգը կառուցվածքի առումով համադրելի է եվրոպական միասնական կրթական տարածքին, եւ ներկայումս ԵՄ աջակցությունն է ակնկալվում` կրթության որակի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներում, մասնավորապես, Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման, ուսուցիչների վերապատրաստման, դասագրքաստեղծ կենտրոնի ստեղծման, դպրոցներում էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաեւ նոր կրթակարգի, չափորոշիչների եւ կրթական բովանդակության մասով:
Լեւոն Մկրտչյանը նաեւ նշել է, որ Էրազմուս ծրագիրը բավականին արդյունավետ է կիրառվում ՀՀ բարձրագույն կրթական համակարգում, եւ հայաստանյան բուհերն ակտիվ մասնակցում են այդ ծրագրին: Ըստ նախարարի` խնդիր է ուսանողների ներքին շարժունության ապահովման հարցը: Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ լայնածավալ բարեփոխումներ են նախատեսվում բուհական համակարգում` ֆինանսավորման մեխանիզմների եւ բուհերի հավատարմագրման գործընթացների հետ կապված:
Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ մշակման փուլում է գտնվում Տավուշի մարզի ծրագիրը՝ հաշվի առնելով այդ մարզի կրթական առանձնահատկությունները: Ծրագրի արդյունավետ լինելու պարագայում` այն կկիրառվի նաեւ ՀՀ այլ մարզերում:
ԵՀ հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն իր հերթին նշել է, որ կարեւորում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը, եւ ՀՀ կառավարության աջակցությամբ մտադրություն կա կրթության եւ գիտության ոլորտը բարելավելու նպատակով կիրառել TAIEX եւ TWINNING գործիքները:
Նա ողջունել է նաեւ e-learning համակարգի փորձնական ծրագրի ներդրումը Հայաստանում եւ պատրաստակամություն հայտնել համագործակցել ՀՀ-ում գործող միջազգային այլ կազմակերպությունների հետ` կրթության ոլորտը զարգացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին. նշվել է, որ մտադրություն կա Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել TUMO-ի ցանցը եւ ԵՄ աջակցությամբ հնարավորություն ստեղծել startup–ների եւ նոր ծրագրերի իրականացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կրթության ոլորտի վերաբերյալ այլ հարցեր:





























