Եթե խաղալիքը չունի սերտիֆիկատ, որեւէ մեկը չի կարող երաշխավորել նրա անվտանգությունը, ուստի սպառողը ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտավոր է խաղալիք գնելիս պահանջել անվտանգությունը երաշխավորող սերտիֆիկատ: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրզաեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով, խաղալիքները ոչ պարենային ապրանքների շուկայում մեծ ռիսկ են պարունակում, սակայն այդ ոլորտը հատկապես վերջին մի քանի տաիներին մնացել է վերահսկողությունից դուրս:
«Համապատասխան փաստաթղթերի հիման վրա ապրանքը ներմուծվում է Հայաստան, սահմանում գրեթե անարգել: Այն արդեն երկրի ներսում պիտի անցնի սերտիֆիկացում, նոր միայն իրացվի: Վերավաճառք իրականացնող երկրորդային շուկաների 98 տոկոսում բացակայում է սերտիֆիկատը: Սա առնվազն նշանակում է, որ որեւէ մեկը չի կարող ասել՝ այդ խաղալիքը վտանգավո՞ր է, թե ոչ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ երբ այդ խաղալիքները արտերկիր փորձաքննության են ուղարկվել, տարբեր խախտումներ են ի հայտ եկել:
Պիպոյանը նշեց, որ պաշտոնական կայքերում պետք է գրանցված լինեն այն սերտիֆիկատները, որոնք տրամադրվում են տնտեսվարող սուբյեկտներին, բայց 2017 թվականին ցույց է տրվել ընդամենը երեքը: «Տպավորությունն այն է, որ 2017 թվականին ՀՀ-ում սերտիֆիկացվել է 3 խաղալիք: Տնտեսվարողները ցույց են տալիս պաշտոնական ռեգիստրներում պաշտոնական ռեգիստրներում չգրանցված սերտիֆիկատներ, երբ մուտքագրում ենք, պարզում ենք , որ էս համարի սերտիֆիկատը տրամադրված է եղել լրիվ այլ ընկերության ու ներկերի համար»,- ասաց բանախոսը՝ շեշտելով, որ Էկոնոմիկայի նախարարություն են դիմել, եւ եթե պարզվի, որ լուրջ տեխնիկական խոտանի հետ գործ ունենք, ապա համապատասխան փաթեթը կտրամադրվի տնտեսական հարցերի հանցագործություններով զբաղվող մարմնին:
«Իրզաեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն, ըստ բանախոսի, սոցիոլոգիական հարցումների ընթացքում պարզել է, որ սպառողների շրջանում ապրանքը գնելու առաջնահերթությունների մեջ սերտիֆիկատների պահանջը ամենաքիչն է: «Երբ երեխան խաղալիքը բերանն է տանում, ոչ ոք հենց այնպես չի կարող ասել, թե ինչ ծանր մետաղներով է թունավորված այն, կամ ինչ քաղցկեղածին տարրեր է պարունակում»,- ասաց Պիպոյանը՝ կոչ անելով հասարակությանը խաղալիքներ ձեռք բերելիս պահանջել անվտանգությունը երաշխավորող սերտիֆիկատներ:





























