Հերթական անգամ հայ հանդիսատեսին հնարավորություն է տրվում վայելելու վիրտուոզ ջութակահար, դիրիժոր Մաքսիմ Վենգերովի բարձր արվեստը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Մաքսիմ Վենգերովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Վենգերովը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում ս. թ. հուլիսի 4-12-ը անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի գալա համերգին:

Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ փառատոնի շրջանակներում հերթական անգամ հայ հանդիսատեսին հնարավորություն է տրվում վայելելու վիրտուոզ ջութակահար, դիրիժոր Մաքսիմ Վենգերովի բարձր արվեստը, հիանալու նրա տաղանդով եւ կրկին զգալու հայ ժողովրդի նկատմամբ մաեստրոյի ջերմ վերաբերմունքը:

Հատկապես երիտասարդության շրջանում երաժշտական կրթությանը, դաստիարակությանը նպաստելու նպատակով Հայաստանում պարբերաբար անցկացվող դասական երաժշտության փառատոնները, համերգները, Նախագահի համոզմամբ, վկայում են իրական արժեքների եւ հավերժական բարձր արվեստի նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքի մասին:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ինչպես Մաքսիմ Վենգերովի, այնպես էլ մինչ այժմ Հայաստան ժամանած բազմաթիվ հեղինակավոր երաժիշտների մեծ ներդրումը երիտասարդության շրջանում երաժշտական կրթության գործում եւ շնորհակալություն հայտնել հայ երիտասարդ կատարողներին իրենց օրինակով ոգեշնչելու, նրանց համար վարպետության դասեր անցկացնելու համար:

«Մենք, իհարկե, շնորհակալ ենք, որ Դուք 2015 թվականին Բրյուսելում մասնակցեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին, ինչը եւս մեկ անգամ հաստատում է Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին»,-Մաքսիմ Վենգերովի հետ հանդիպմանն ասել է Հանրապետության նախագահը:

«Մեծարգո՛ նախագահ, որպես երաժիշտ՝ հաճելի է լսել ինձ համար մեծապես կարեւոր այն արժեքների մասին, որոնք վկայակոչեցիք:

Յուրաքանչյուր պետություն, որը գնահատում է համամարդկային մշակութային արժեքները, մասնավորապես՝ երաժշտությունը, իմ կարծիքով, ունի մեծ հեռանկար եւ լավ ապագա յուրաքանչյուր ոլորտում:

Շատ շնորհակալ եմ Ձեզ` մշակույթին, հատկապես երաժշտությանը, Ձեր աջակցության համար: Անհամբերությամբ սպասում եմ երեւանյան իմ համերգին եւ հուսով եմ կրկին ստանալ հայ հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը»,-ասել է անվանի երաժիշտ Մաքսիմ Վենգերովը: