Նոր ուսումնական տարվա սկզբում Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը կստուգի բուհերը՝ օտարերկրացի ուսանողներին կեղծ դիպլոմներ տալու գործի շրջանակում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ մինչ այդ կառավարությունն իրավապահ մարմիններից կճշտի, թե ո՞ր բուհերին են կասկածում դիպլոմներ վաճառելու մեջ։ Հավանական է, որ այս հարցում գործում է մի ամբողջ հանցախումբ, քանի որ նույնիսկ ռեկտորը միայնակ չէր կարող նման մեխանիզմ գործարկել:
«Աշնանը մենք տեղում կգնահատենք, թե իրականում լսարաններում քանի՞ ուսանող կա, ինչպե՞ս են աշխատում բուհերում հաշվապահությունները եւ այլն։ Հետեւանքները շատ լուրջ կարող են լինել. կարող են նույնիսկ արտոնագրից զրկվել։ Իհարկե, նման բուհերի ղեկավարներին կպատժի դատարանը։ Բայց առհասարակ ինչպե՞ս է հնարավոր դարձել դիպլոմներ վաճառել։ Հարցն արդեն ուղղված է վարչական համակարգերին։ Իսկ դրանց մենք պետք է հետեւենք»,-նշեց Մկրտչյանը։
Դեռ որոշվում է պոտենցիալ իրավախախտների շրջանակը։ Դրանց թվում մի քանի մասնավոր բուհեր են եւ, հնարավոր է, մեկ պետական քոլեջ։
Հիշեցնենք, որ հունիսին Իսրայելի ոստիկանությունը տեղի Առողջապահության նախարարությունից բողոք է ստացել։ Այնտեղ հայկական բուհերին կասկածում են խարդախության մեջ։ Մասնավորապես, Իսրայելում արաբ ուսանողները, որոնք հայրենիքում քննություններ չեն կարողանում հանձնել, Հայաստան են գալիս, որտեղ դյուրությամբ կարող են բժշկի դիպլոմ ստանալ։ Հայաստանում գործը վարում է ազգային անվտանգության ծառայությունը։




























