Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի ազգային գործակալության մասնագետները հետազոտել են վրացական համեմունքների 75 նմուշներ, որոնցից 4–ում կապարի մեծ պարունակություն է հայտնաբերվել, նշված է գերատեսչության կայքում։ Այս մասին հայտնում է «Sputnik-Գրուզիան»։
Հուլիսի սկզբին համացանցում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտը ԱՄՆ բնակիչներին զգուշացրել է վրացական համեմունքներ չգնել, քանի որ մեծ քանակությամբ կապար են պարունակում։
Տեղեկությունների տարածումից հետո գործակալությունը լաբորատոր ստուգումներ է նախաձեռնել։ Համեմունքների նմուշները վերցվել են դրանց իրացման տարբեր վայրերից։
«Կապարի մեծ պարունակություն է հայտնաբերվել կարմիր պղպեղում՝ 7,06 մգ/կգ, չոր աջիկայում՝ 6,38 մգ/կգ, չոր աջիկայում՝ 5,96 մգ/կգ, սունելիում՝ 5,6 մգ/կգ»,— նշված է հաղորդագրության մեջ։.
Գործող օրենսդրության համաձայն՝ համեմունքներում կապարի պարունակությունը կիլոգրամում 5 միլիգրամից չպետք է անցնի։
Արտադրանքը, որի մեջ կապարի մեծ պարունակություն է հայտնաբերվել, առգրավվել է։ Այն կոչնչացվի։
Սննդամթերքի ազգային գործակալությունը պարբերաբար ստուգում է սննդամթերքները եւ ըմպելիքները՝ ծանր մետաղների, այդ թվում՝ կապարի պարունակության որոշման համար։
ԱՀԿ–ը կապարը համարում է այն 10 քիմիական նյութերից մեկը, որը հասարակական առողջապահության ոլորտում առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում եւ անդամ երկրների կողմից գործողությունների իրականացում է պահանջում։
Բարձր մակարդակի ազդեցության դեպքում կապարը խախտում է ուղեղի եւ կենտրոնական նյարդային համակարգի գործառնությունը՝ կոմա, ջղաձգումներ եւ նույնիսկ մահ առաջացնելով։



























