Բոտսվանայում չինացին կալանավորվել է ավանակի կաշվի ապօրինի առեւտրի մեղադրանքով: AFP-ն հայտնում է, որ մոտ 500 կենդանիներ հայտնաբերվել են սարսափելի պայմաններում: Կալանավորված 24-ամյա չինացին մեղադրվում է նաեւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ:
Անցած ամսվանից սկսած Բոտսվանան ավանակի կաշվի առեւտրի բում է ապրում, որը մեծ պահանջարկ ունի Չինաստանում: Վերջին տարիներին Աֆրիկայի երկրներում հազարավոր ավանակներ են մորթվել: Մորթին, կճղակները եւ միսը Չինաստանում են վաճառում, որտեղ այն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ: Մորթին եւ եղջյուրները եփում են` ժելատին ստանալու համար, որն օգտագործվում է առողջական խնդիրները բուժելիս` սկսած սեքսուալ դիսֆունկցիայից, վերջացած անեմիայով, նաեւ արժեքավոր է որպես հակատարիքային միջոց:
Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն` Չինաստանում ավանակների թիվը գրեթե 2 անգամ կրճատվել է` 1990-ական թվականների 11 միլիոնից հասնելով 2013 թվականին 6 միլիոնի:
Ավանակային ժելատինը, որը Չինաստանում հայտնի է էյայո անունով, լուծվում է տաք ըմպելիքներում կամ խառնվում է ընկույզին եւ սերմերին: Չինաստանի որոշ շրջաններում ավանակի միսն ավելի սննդարար է համարվում, քան տավարինը:




























