Նորզելանդուհի զբոսաշրջիկը զոհվել է Կարիբյան ծովի Սեն Մարթեն կղզում` արքայադուստր Յուլիանայի անվան միջազգային օդանավակայանից ինքնաթիռի թռիչքին հետեւելիս: Բանն այն է, որ օդանավերը ստիպված են թռչել զբոսաշրջիկների գլխի վրայով թռիչքուղու փոքր երկարության պատճառով, փոխանցում է BBC-ն:
Տեղական ոստիկանությունը հայտնում է, որ 57-ամյա կինը օդանավի թռիչքին հետեւել է օդանավակայանի արգելապատնեշից բռնած, սակայն նրան քշել է Boeing 737-ի շարժիչների օդի հոսանքը:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ զբոսաշրջիկն ընկել է եւ գլուխը հարվածել բետոնե կառուցվածքին: Կնոջը հիվանդանոց են տեղափոխել, սակայն չեն կարողացել փրկել:




























