Ռոբերտ Շուման ինստիտուտը Երեւանում հուլիսի 14-16-ը կազմակերպել է «Խորհրդարանական համագործակցություն» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում հյուրընկալվել են Ռոբերտ Շուման ինստիտուտի տնօրեն Գաբոր Բերցզելին, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Թոմաս Շրափելը, ԵԺԿ-ից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միքայել Գահլերը։ Եռօրյա համաժողովին մասնակցում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, «Ժառանգություն» կուսակցության, Կոնրադ Ադենաուեր եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամների ներկայացուցիչներ։

Ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան հյուրերի եւ մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը։ 

Քննարկման ընթացքում խոսվել է ժոողովրդավարական արժեքների, այս համատեսքստում վերջին տարիներին Հայաստանի արձանագրած ձեռքբերումների մասին։ Կարեն Ավագյանն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացվել են հենց այդ արժեքները մեզանում էլ ավելի ամրապնդելու նկատառումով։ Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ համագործակցության եւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի թեմաներին։

Կարեն Ավագյանը շեշտել է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության առանձնահատկությունները՝ ավելացնելով, որ Հայաստանը բաց է համագործակցության տարբեր կողմերի համար։

Արծարծվել են նաեւ ներքաղաքական թեմաներ։

Հանդիպման ընթացքում Կարեն Ավագյանն ընդգծել է նաեւ երիտասարդների քաղաքական կրթության կարեւորությունը։