Երբ խոսքը վերաբերում է կոռուպցիային, ապա առաջնային նշանակություն են ձեռք բերում ոչ թե առանձին, դրվագային հանցագործությունները, այլ համակարգված, «շղթա» կազմող հանցագործությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գեւորգ Դանիելյանը, ով 2007-2010 թթ.-ին զբաղեցրել է նաեւ արդարադատության նախարարի պաշտոնը:
Հարցին, թե որքանով կարող է արդյունավետ լինել նոր ստեղծվող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ հաշվի առնելով, որ նախկինում եւս կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված տարատեսակ հանձնաժողովներ ու խորհուրդներ են ստեղծվել, Դանիելյանը նշեց. «Սկզբունքորեն չեմ կարող դեմ լինել հակակոռուպցիոն կառուցակարգերի բարելավման գործընթացին, սակայն, կարծում եմ, խնդրի առանցքն այլ հարթության վրա է: Հանրահայտ գործոններից զատ, ինչպիսին է, հատկապես, քաղաքական կամքը, այսօր մտահոգողը արհեստավարժության նկատելի պակասն է»:
Նրա խոսքով, մտահոգողն այն է, որ համակարգերի կադրային կազմն արմատապես վերափոխելուն նպաստեցին ոչ միայն զուտ սուբյեկտիվ գործոնները, այլեւ օրենսդրական լուծումները, մասնավորապես, դատախազության համակարգից կադրերի հոսունությունը մեծապես պայմանավորված էր ակնկալվող բարձր թոշակը պահպանելու ձգտումով, քանի որ մեկ-երկու տարի աշխատելու դեպքում այլեւս կզրկվեին այդ հնարավորությունից:
«Ի դեպ, արհեստավարժ լինելը չի կարող սահմանափակվել օրենսդրության ու տեսության իմացությամբ, այն ենթադրում է բարդ լատենտային հանցագործությունների բացահայտման ողջ մեխանիզմի բացահայտման գործնական կարողություններ, որոնք ձեւավորվում են տարիների ընթացքում, առողջ սերնդափոխության միջավայրում: Ցանկությունը լավ ուղեկից է, սակայն, եթե չեք տիրապետում նշված հմտություններին, ապա այն այդպիսին էլ մնում է»,-ընդգծեց Գեւորգ Դանիելյանը:
Նա անդրադարձավ նաեւ անանուն աղբյուրների խնդրին՝ նշելով. «Հիմա շատ ենք խոսում անանուն աղբյուրների տվյալները մատչելի դարձնելու մասին, սակայն անտեսում ենք, որ իր գործին տիրապետող արհեստավարժի համար տվյալների պակասի խնդիր գրեթե գոյություն չունի, դրանք անգամ կարող են բխեցվել միմյանց հետ արտաքուստ որեւէ կապ չունեցող պաշտոնական աղբյուրների տվյալների ու տեղեկատվության համադրումից, լրատվության միջոցների վերլուծականներից եւ այլն: Նկատենք, որ երբ խոսքը վերաբերում է կոռուպցիային, ապա առաջնային նշանակություն են ձեռք բերում ոչ թե առանձին, դրվագային հանցագործությունները, այլ համակարգված, «շղթա» կազմող հանցագործությունները»:




























