«Փոքրիկ Պոմպեյ»՝ հենց այսպես են անվանել ֆրանսիացի հնագետները հին հռոմեական թաղամասը, որը հայտնաբերել են Վիեն քաղաքի ծայրամասում, հայտնում է AFP-ը։

Վիենը, որը հայտնի է իր հռոմեական թատրոնով ու եկեղեցով, եղել է կարեւոր կենտրոն հյուսիսային Գալիան Ֆրանսիայի հարավում գտնվող Գալիա Նարբոնենսիս հռոմեական նահանգի հետ միացնող երթուղու վրա։

Հայտնաբերված թաղամասը զբաղեցնում է մոտ 7000 քառ մետր տարածք։ Թաղամասը, որտեղ պահպանվել են որոշ տներ, տարեգրվում է մեր թվարկության 1-ին դարով, այնտեղ մարդիկ բնակվել են մոտ 300 տարի, որից հետո հրդեհների պատճառով այդ բնակավայրը ամայացել է։

Մասամբ պահպանված կառույցներից է մի գեղեցիկ տուն, որը Վակխանալյան տուն են անվանել, քանի որ հատակին պահպանվել են զվարթ սատիրների  պատկերներ։ Հրդեհը ավերել էր շքեղ տան առաջին հարկը ու  պատշգամբը, սակայն պահպանվել են մարմարյա կղմինդրը, ընդարձակ այգիները ու ջրամատակարարման համակարգը։ Ենթադրում են, որ այդ տունը պատկանել է հարուստ առեւտրականի։