Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսուցիչների պակասը շարունակում է լուրջ խնդիր մնալ: Յուրաքանչյուր ամառ Կրթության եւ գիտության նախարարությունը նոր մրցույթներ է հայտարարում, սակայն, ինչպես նկատում ենք, թափուր աշխատատեղերի քանակը նախորդ տարիների համեմատ չի փոխվում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ԿԳ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը նշում է, որ խնդիրը ոչ այնքան այն է, որ մասնագետները չեն ցանկանում գյուղական համայնքներում աշխատել, այլ իսկապես կադրերի պակաս կա:
«Ֆիզիկայի, մաթեմատիկայի մասնագետներ իրոք չունենք, սակայն սա միայն պայմանավորված չէ այն հանգամանքով, որ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ուսուցիչներ չունենք, խնդիրն այն է, որ գյուղական դպրոցում առավելագույնը կարող է լինել ֆիզիկայի մեկ կոմպլեկտ դասարան, ինչը նշանակում է՝ ուսումնական պլանի համաձայն, ֆիզիկայի առավելագույն դասաքանակը 15 դասաժամն է, այսինքն մեկ ամբողջ դրույքով չի վարձատրվելու: Նույնն ինֆորմատիկային է վերաբերում, երբ ընդամենը 7 դասաժամ է, այդքանի համար կգնա՞ ուսուցիչն ինչ-որ դպրոցում աշխատելու: Աշխատավարձի չափն էլ չի գերում մարդկանց»,- ասում է ԿԳ նախարարի տեղակալը:
Արցախի կրթության եւ գիտության նախարարությունն ի դեպ կադրերի խնդիրը լուծելու նպատակով ամեն տարի նաեւ ուղեգրեր է տալիս: Ուղեգրով աշխատանքի անցնող ուսուցիչների աշխատավարձը նախատեսվածից 50%-ով ավելին է լինում, ինչպես նաեւ գյուղական վայրերում աշխատելու դեպքում բնակարանի վարձավճար են ստանում: Միքայել Համբարձումյանը նկատում է՝ այստեղ եւս լուրջ խնդրի առջեւ են կանգնած. «Կացարանի խնդիրն էլ ունենք մենք, որովհետեւ կան գյուղեր, որտեղ ուսուցչին կացարանով ապահովել չենք կարողանում, թեկուզ տարրական կենցաղային պայմաններով: Հետեւաբար, խնդիրները մեկը չեն, կոմպլեկտ են, ինչն էլ պատճառ է դառնում, որ ուսուցիչների թափուր աշխատատեղեր ունենք բավականին»:
Արցախում ուսուցիչների թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ ԿԳՆ կայքում՝ հետեւյալ հղումով:




























