Էլեոնորա Ռիգբիի գերեզմանը վաղուց Beatles խմբի երկրպագուների ուխտատեղի է դարձել: Այս կնոջ անունը միայնակության եւ դեպրեսիայի մասին ամենահայտնի բալլադներից մեկի անվանումն է: Դրանից բացի, լեգենդար գերեզմանոցի կողքին եկեղեցի կա, որտեղ առաջին անգամ հանդիպել են Ջոն Լենոնը եւ Փոլ Մակքարթնին, հայտնում է Life.ru-ն: 

Փոլ Մակքարթնին, որը գրել է Eleanor Rigby երգը, որպես անվան աղբյուր նշել է դերասանուհի Էլեոնորա Բրոնին: Նա պնդել է, որ իրեն պարզապես դուր է եկել հնչյունների համադրությունը, այն բնական է հնչել եւ մտացածին անուն չի թվացել: Սակայն արդեն 80-ական թվականներին Beatles-ի երկրպագուները Լիվերպուլում Էլեոնորա Ռիգբիի գերեզմանը հայտնաբերել են Սուրբ Պետրոսի եկեղեցու մոտ: Հենց այս եկեղեցու բակում է Ջոն Լենոնը ծանոթացել Փոլ Մակքարթնիի հետ:

Ակնկալվում է, որ Էլեոնորա Ռիգբիի գերեզմանը տապանաքարով կվաճառվի մի քանի հազար ֆունտ սթերլինգով: Գերեզմանոցի տեղամասի հետ միասին գնորդը կստանա Էլեոնորայի անձնական Աստվածաշունչը, որը թվագրված է 1899 թվականով: Նոր տերը կկարողանա գերեզմանից օգտվել 7 տարի հետո. Մեծ Բրիտանիայի օրենքներով արգելվում է դամբարանը բացել վերջին հուղարկավորությունից հետո 75 տարվա ընթացքում: Աճուրդը, որտեղ կներկայացվի տապանաքարը, տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Ուորինգթոնում: