Ավստրալացի գիտնականներին հաջողվել է պարզել հին Միջագետքի ամենահայտնի կավե աղյուսակներից մեկի մաթեմատիկական գաղտնիքը: Նոր Հարավային Ուելսի համալսարանի (Սիդնեյ) հետազոտողներ Դենիել Մենսֆիլդը եւ Նորման Ուայլդբերգերը պարզել են, որ, այսպես կոչված, Փլիմփթոնի 322 աղյուսակը, որն ավելի քան 3800 տարեկան է, պյութագորասյան թվերի հնագույն եւ ամենաճշգրիտ ցուցակն է, այսինքն՝ այն թվերի, որոնք Պյութագորասի թեորեմի լուծումն են: Նրանք իրենց եզրակացությունները հրապարակել են «Մաթեմատիկայի պատմություն» ամսագրում, որը Մաթեմատիկայի պատմության միջազգային հանձնաժողովի պաշտոնական պարբերականն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Այսպիսով՝ Միջագետքի մաթեմատիկոսները մի փոքր առաջ են անցել հռչակավոր հին հույն գիտնական Հիպարխից, որը մինչեւ հիմա համարվում էր եռանկյունաչափության հայրը:

Ավստրալացի գիտնականները ենթադրում են, որ Փլիմփթոն 322-ին նման աղյուսակներն օգտագործվել են շինարարական կառույցների, մասնավորապես՝ պալատների, տաճարների եւ ջրանցքների հաշվարկների համար:

Միջագետքի գրեթե կես միլիոն կավե աղյուսակներից, որոնք գտնվել են XIX դարասկզբին, մի քանի հազարը հստակ արտահայտված մաթեմատիկական նշանակություն ունեն: Փլիմփթոն 322-ը դրանցից, թերեւա, ամենահայտնին է: Այն այսպես է կոչվել, քանի որ Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) Փլիմփթոնի հավաքածուում 322 համարն ունի: Համարվում է, որ աղյուսակը գրվել է մ.թ.ա. մոտ 1800 թվականին, դրա վրա պատկերված է 4 սյունով եւ 15 տողով թվերի աղյուսակ: