Ճապոնիայի մայրաքաղաքի ոստիկանական գլխավոր վարչության ոստիկանական շանը երկուշաբթի մեդալով են պարգեւատրել ճապոնական մաֆիա յակուձայի գերդաստաններից մեկի անդամին բռնելիս օգնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
3 տարեկան լաբրադոր ռետրիվերը, որի մականունն է Լուսնային հրթիռ, շքանշանի է արժանացել հանցավոր խմբավորման անդամի տան խուզարկության ժամանակ հատակի տախտակների տակ թաքցրած ատրճանակը եւ փամփուշտները հայտնաբերելու համար: Ճապոնիայի ոստիկանության պատմության մեջ առաջին անգամ է շունը շքանշանի արժանանում հրազեն հայտնաբերելու համար: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Տոկիոյի ոստիկանական վարչության գլխավոր շենքում:
Լուսնային հրթիռը հիբրիդային շուն է, որը կարող է հայտնաբերել ինչպես հրազեն եւ զինամթերք, այնպես էլ թմրանյութեր: Այս տարվա գարնանը կատարված մեկ այլ խուզարկությամբ շունը նույնպես մասնակցել էր եւ դարձյալ 2 ատրճանակ հայտնաբերել: Ճապոնիայում հրազեն եւ զինամթերք պահելն արգելված է, այդ պատճառով նույնիսկ յակուձայի ղեկավարներին ձերբակալում են հատկապես ատրճանակներ եւ դրանց փամփուշտներ ապօրինի պահելու համար:



























