Շիրակի մարզում ոռոգելի տարածքների մակարդակը խիստ ցածր է: Այս մասին, սեպտեմբերի 1-ին, Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն անդրադարձել է մարզում ոռոգելի տարածքների ցածր մակարդակին եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանից հետաքրքրվել այդ խնդրի լուծման հնարավորությունների մասին:
Կոմիտեի նախագահը նշել է, որ այժմ Կապսի ջրամբարի կառուցման հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու դրա տնտեսական արդյունավետությունը: Արսեն Հարությունյանի խոսքով, մարզում քայլեր են ձեռնարկվելու ներտնտեսային ցանցի զարգացման, ոռոգելի տարածքների ավելացման ուղղությամբ եւ համապատասխան ծրագիրն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է Շիրակի մարզի նկատմամբ ցուցաբերել հատուկ ուշադրություն, քանի որ ոռոգելի տարածքների մակարդակն այստեղ խիստ ցածր է:




























