Փոթորիկների վերջին ալիքը պետք է ստիպի, որ մարդիկ հասկանան, որ մարդկությունը կկործանվի, եթե անտեսի կլիմայական փոփոխությունները, ու պատմությունը կդառնա դատավոր նրանց համար, ովքեր մերժում են այդ կապակցությամբ գիտական տվյալները։ Այսպես է արտահայտվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ խոսելով «Իրմա» եւ «Հարվի» փոթորիկների ու այն երկրների առաջնորդների մասին, որոնք չեն ցանկանում աշխատել այլ երկրների հետ, որպեսզի կանգնեցնեն գլոբալ տաքացումը, հայտնում է Reuters-ը։
«Դուք տեսնում եք կլիմայական փոփոխությունների հետեւանքներն ու գիտնականները հստակ ցույց են տվել այն ուղին, որով մենք պետք է գնանք»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ նկատի ունենալով գիտնականների հայտարարություններն այն մասին, որ գլոբալ տաքացումը մարդու գործունեության հետեւանքն է եղել։ «Մենք պատասխանատվություն ենք կրում՝ փոքր կամ մեծ պատասխանատվություն։ Մենք դա լուրջ չենք ընկալում։ Բայց մենք չպետք է կատակենք այս հարցում»,- նշել է նա։




























