Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հեռացումը պաշտոնից Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը համարում է սենսացիա: «Տեղի է ունեցել մի բան, որի մասին մենք հասարակությանը վաղուց էինք ասել. որ ավազակապետության պայմաններում նման դեպքեր շատ են լինելու եւ այդ դեպքերը շարունակվելու են»,-ասաց նա՝ հավելելով, թե մի երկրում, որտեղ իշխանավորներն իրենց օրենքից դուրս են համարում, ամեն րոպե կարող է նման դեպք տեղի ունենալ:
«Դեպքը տեղի ունեցավ Գագիկ Բեգլարյանի հետ: Ինձ համար սա սովորական էր այն իմաստով, որ ինքը ավազակապետության սյուներից մեկն էր եւ անսովոր էր նույնքան, քանի որ Բեգլարյանը ավազակապետության սյուներից էր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրա կողմից հրաժարական ներկայացնելուն, ապա Խաչատրյանի խոսքով դա արվել է ամենեւին էլ ոչ օրենքի տառը պահելու սկզբունքից ելնելով, այլ «ավազակապետության գործող ներմերի շրջանակներում»:
Երեւանի նախկին քաղաքապետն անդրադարձավ նաեւ Բեգլարյանի այն հայտարարությանը, թե նախորդ իշխանության ժամանակ իր նկատմաբ եւս բռնություն է կիրառվել եւ հայտարարեց. «Եթե նման բան էր տեղի ունեցել, ապա նա պետք է այն ժամանակ դիմեր իրավապահ մարմիններին: Եթե նա իրոք իր նկատմամբ զգացել է բռնություն, նա այդ բռնությունը ուրիշների վրա չպետք է կիրառեր»: ՀԱԿ ներկայացուցիչը կրկին հավելեց, որ որեւէ դրական բան չի տեսնում Բեգլարյանի հրաժարականի մեջ, եւ իր համար դրականը կլինի այն, եթե այս իշխանությունը թողնի եւ հեռանա:



























