Ադրբեջանում իշխում է կոռուպցիան, եւ միջնադարյան եվրոպական ֆեոդալիզմի հետ համեմատությունը դեռ մեղմ է: Սակայն ԱՄՆ-ը պատրաստ է բախվել այդ կարգի անհարմարությունների հետ, քանի որ գործ ունի նավթի եւ բնական գազի հսկայական պաշարների հետ:

Նախքան լուրջ թեմաների անցնելը հոդվածագիրը, WikiLieaks-ի հրապարակմանը հղում անելով, պատմել է ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի կնոջ հետ Մեհրիբան Ալիեւայի եւ նրա դուստրերի ընթրիքի մասին: Այն տեղի է ունեցել 2008թ. սեպտեբերին, երբ Չեյնին պետական այցով Ադրբեջանում էր: Ամերիկացի դիվանագետները գաղտանզերծած հաշվետվությունում նշում են, որ բազմաթիվ պլաստիկ վիրահատություններից հետո Մեհրիբանը քիչ է տարբերվում դուստրերից, սակայն դժվարությամբ է դեմքը շարժում: Երեքն էլ եղել են բաց զգեստերով եւ դիվանագետները միայն ենթադրել են, որ մայրը պետք է կենտրոնում կանգնածը լինի: Ամերիկացի դիվանագետների խոսքով, իրենց զգացել են ինչ-որ բանանային հանրապետության կորած ափին: 

Մեհրիբանի Փաշաեւների ընտանիքից հետո ամենաազդեցիկներից է նաեւ Հեյդարովների ընտանիքը, որի ներկայացուցիչ Քեմալեդինը Ադրբեջանի ազգային մաքսային կոմիտեի ղեկավարն է: 35-ամյա պաշտոնյան նույնիսկ ադրբեջանական չափանիշով չափից դուրս կոռումպացված է:

Սակայն Քեմալեդինի հայրը` Ֆաթահը եղել է Հեյդար Ալիեւի մերձավորագույն մարդկանցից մեկը: Ադրբեջանում ԱՄՆ գործերի հավատարմատարը նշում է, որ Հեյդարով կրտսերի հետ հանդիպման ժամանակ ապշել է նրա կուրծքը զարդարող թանկարժեք մետաղներից ու զարդերից: Ամերիկացի դիվանագետը սարկազմով նշում է, որ «դրանք կարող էին մրցակցել ԱՄՆ Զինված ուժերի Միավորված կոմիտեի նախագահի մեդալների հետ».

Հեյդարովի որդիները վայելում են իշխանությունն ու հարստությունը լիարժեք: «Հեյդարովի զավակներն ու խաղալիքները» վերնագրով գաղտնի նամակում ամերիկացի դիվանագետները պատմում են, որ Հեյդարովի որդիները, որոնք արդեն ունեն ֆուտբոլային ակումբ փորձում են ամերիկյան Gulfstream երկու ինքնաթիռ գնել: Յուրաքանչյուրն արժե 20 միլիոն եվրո:

Ահաբեկչության դեմ պայքարի ամերիկյան նորմերի համաձայն, այդ ինքնաթիռները գնելու համար նրանք պետք է ապացուցեն, որ իրենց հարստությունը ձեռք են բերել օրինական ճանապարհով: Պահանջը մեծ խնդիր չի առաջացրել: Նրանք Gulfstream են ուղարկել ընտանիքի ներդրումների երկար ցուցակը, որտեղ տեղ են գտել բետոնի, ասֆալտի, քիմիկատների, տեքստիլի, կաթնամթերքի, ալկոհոլի արտադրություններ, շինարարական ընկերություններ եւ էլի բազմաթիվ փոքր ձեռնարկություններ: Օրինակ` նռան հյութի արտադրության մենաշնորհը պատկանում է Հեյդարովների ընտանիքին:

Ամերիկացի դիվանագետները նշում են, որ չնայած ադրբեջանական կլանների գերհարստությանը, երկրի բնակչության 40 տոկոսն ապրում է չքավորության պայմաններում: Միջին ամսական եկամուտը կազմում է 24 եվրո: Ադրբեջանի Լիբերալ կուսակցության առաջնորդ Լալա Շովքեթն այդ կապակցությամբ ասել է. «Նավթը մեր ողբերգությունն է»: