Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայի Ժենգի գլխավորած պատվիրակությանը:
Նշելով, որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության կարեւորագույն գործընկերներից մեկն է՝ վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում մեր երկրում համատեղ իրականացվել են 25 խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Կարեն Կարապետյանը կարեւորել է ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացումը, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի վերանորոգման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհաշինական, Երեւանի տրանսպորտային նոր համակարգի ներդրման, Հայաստանի թվային օրակարգի իրականացման ծրագրերը եւ այլն: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱԶԲ-ի հետ համագործակցության շարունակական զարգացմամբ եւ վերջինիս կողմից հայաստանյան մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վենկայի Ժենգն ավելացրել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում: ԱԶԲ փոխնախագահը նշել է, որ բանկն այժմ աշխատում է մինչեւ 2030 թվականը նախատեսվող ծրագրերի ռազմավարության վրա եւ նշել, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ քննարկել համագործակցության բոլոր ուղղությունները: Վենկայի Ժենգը տեղեկացրել է, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանի մասնավոր հատվածի համար ֆինանսական միջոցների ծավալները: Նշվել է նաեւ, որ ԱԶԲ թիմն առաջիկա օրերին ժամանելու է Հայաստան՝ թվային օրակարգի իրականացման ուղղությամբ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության առնչվող տարբեր հարցեր եւ անդրադարձել նաեւ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրում մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությանը:




























