Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման հարցերով նախարար Փրիթի Փաթելը հրաժարական է տվել սկանդալի ֆոնին այն պատճառով, որ Իսրայելում անցկացրած արձակուրդի ժամանակ 12 հանդիպում էր ունեցել իսրայելցի պաշտոնատարների հետ՝ կատարելով կառավարության աշխատանքի արձանագրային խախտում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ափսոսանք հայտնելով, որ իր անձի շուրջ սկանդալը հանրության ուշադրությունը շեղել է նախարարության կարեւոր աշխատանքից, Փաթելը վարչապետին ուղղած նամակում նշել է. «Ես ընդունում եմ, որ Իսրայելում արձակուրդի ժամանակ կազմակերպությունների եւ քաղաքական գործիչների հետ հանդիպումներում իմ գործողությունները բարձր ստանդարտներից ցածր էին, որոնց հետեւելը պահանջվում է նախարարից»:

«Չնայած իմ գործողություններում ես առաջնորդվել եմ լավագույն մտադրություններով, իմ գործողությունները ցածր են եղել թափանցիկության եւ հրապարակայնության ստանդարտներից, որոնք ես առաջ եմ մղել եւ պաշտպանել: Անկեղծորեն կառավարությունից ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար եւ հրաժարական ներկայացնում»,- նշված է նամակում:

Բրիտանացի նախարարը մեծ սկանդալի մեջ էր հայտնվել Իսրայել ընտանեկան ուղեւորության պատճառով: Արձակուրդում գտնվելով՝ նա մի շարք չհամաձայնեցված հանդիպումներ էր ունեցել Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի: Ըստ որում՝ հետո էլ հարկ չէր համարել Մեծ Բրիտանիայի վարչապետին այդ մասին տեղեկացնել: Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների հետ նաեւ այլ չհամաձայնեցված հանդիպումների մասին խորհրդարանում եւ Նյու Յորքում: Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Աֆրիկայում գործուղման մեջ գտնվող Փաթելին կարգադրել էր շտապ Լոնդոն վերադառնալ: