Ռուսաստանն ու Չինաստանը համագործակցության նոր ուղղություններ կփնտրեն եւ ջանասիրաբար կաշխատեն արդեն գոյություն ունեցող նախագծերի իրականացման շուրջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում եմ նշել, որ մեր ջանքերը ապարդյուն չեն։ Առեւտրաշրջանառության աճն առավել քան 35 տոկոս է։ Դա չի կարող չուրախացնել։ Դուք նշեցիք ամենատարբեր ոլորտների որոշ մեծ նախագծերի մասին։ Դրանց շուրջ ջանասիրաբար կաշխատենք», - ասել է նա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ։
«Համագործակցության նոր ուղղություններ կփնտրենք։ Վստահ եմ դրանք կգտնվեն»,- հավելել է Պուտինը։
Նա նաեւ շնորհավորել է Սի Ցզինպինին՝ կուսակցության հոկտեմբերին տեղի ունեցած համագումարի արդյունքներով Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Համագումարի արդյունքները հավաստեցին ոչ միայն Ձեր բարձր հեղինակությունը, այլ նաեւ չին ժողովրդի մեծ աջակցությունը Ձեր նախանշած ուղղությանը», - նշել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հեռանկարը մնում է ռազմավարական համապարփակ համագործակցությունը Չինաստանի հետ։
Իր հերթին Չինաստանի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար։ Նա նաեւ ուշադրություն է դարձրել համատեղ մի շարք նախագծերի հաջող իրականացման։
Սի Ցզինպինը պատրաստակամություն է հայտնել ապագայում եւս զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։




























