Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հայտարարությունը, որը մտադիր է երկիրը չափավոր իսլամին վերադարձնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իսլամը չի կարող լինել չափավոր կամ ոչ չափավոր: Իսլամը կարող է միայն մեկը լինել: Վերջին շրջանում չափավոր իսլամ հասկացությանը ուշադրություն է հատկացվում: Հավանաբար, այդ հայեցակարգի մասին հայտարարած մարդը մտածում է, որ այդ գաղափարն իրեն պատկանում, բայց այն Արեւմուտքում է ծագել», — Անկարայում կին ձեռնարկատերերի հետ հանդիպմանն ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ չափավոր իսլամի մասին իրեն մի քանի տարի առաջ Եվրոխորհրդարանի նիստերին են հարցրել:

«Հիմա նրանք նորից են ցանկանում այդ գաղափարը առաջ տանել: Նրանք իսկապես ցանկանում են թուլացնել իսլամը: Մենք չենք ցանակնում, որ մարդիկ կրոնի մասին արտասահմանյան աղբյուրներից իմանան», — հավելել է նա:

Ավելի վաղ արքայազնը հայտարարել էր ծայրահեղական գաղափարներին վերջ դնելու եւ երկիրը չափավոր իսլամին վերադարձնելու մասին: