«ՉԻ»-ն անդրադարձել է Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությանը, տեղեկացնելով, թե այն ամենեւին էլ կապված չէ ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին չպատժելու հետ: Ըստ այդմ. «ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեկնել է ԱՄՆ՝ «Պզոյի» եւ նրա հանցախմբի գործունեության մասով բացատրություններ տալու եւ ստանալու ամերիկյան իրավապահ մարմիններից: Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ-ի հետաքննչական մարմինները Աղվան Հովսեփյանին փաստաթղթեր են ցույց տվել, որոնք Հայաստանում են կեղծված եղել եւ առնչվել են «Պզոյի» գործին: Կեղծ փաստաթղթերը կնքված են եղել ՀՀ նոտարական գրասենյակների կողմից՝ պետական կնիքներով:

Աղվան Հովսեփյանը Հայաստան վերադառնալուն պես այս մասին զեկուցել է Սերժ Սարգսյանին: Վերջինս էլ իր հերթին ամերիկացիներին ցույց տալու համար, որ կեղծիքը չի հովանավորվել իշխանության կողմից, ըստ այդմ՝ պետության մատը խառը չի եղել «Պզոյի» գործում, արտաքին աշխարհին ուղղված իր PR նկատառումներից ելնելով՝ աշխատանքից ազատել է ՀՀ արդարադատության նախարարին: Ինչու հենց նրան, որովհետեւ  նոտարները գործունեություն են ծավալում Արդարադատության նախարարության ենթակայության ներքո, եւ այդ ոլորտի ցանկացած կեղծիքի պատասխանատուն նախարարությունն է՝ իր ղեկավարով: Եւ չնայած Սերժ Սարգսյանը համոզված լինելով, որ նոտարական կեղծիքներին Գեւորգ Դանիելյանը ոչ միայն մասնակից չէ, ավելին՝ «խաբար չի էլ եղել» դրանից, այնուամենայնիվ, որոշել է աշխատանքից ազատել Դանիելյանին՝ այսպիսով վերջ դնելով հասունացող սկանդալին: Վերջում էլ ավելացնենք, որ Քեթրինի Միհրանին նկատողություն չտալու հիմքով Դանիելյանին աշխատանքից ազատելու ծիծաղելի «տրյուկի» հեղինակը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նա որոշել է այսպես ներկայացնել կառավարության անդամի հրաժարականի պատճառները, միաժամանակ հանրությանը ներկայացնելով, թե տեսեք՝ ինչպես եմ պատժում նրանց, ովքեր թերանում են իրենց աշխատանքում»: