Բրիտանական քեյթերինգային Compass Group ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Քազինսը եւ նրա հարազատները զոհվել են Ավստրալիայում ինքնաթիռի վթարի հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ շարժիչով DHC-2 Beaver ինքնաթիռը ընկել է  Հոքսբերի գետը։ Վթարի հետեւանքով զոհվել են վեց հոգի`օդաչուն եւ հինգ ուղեւորները:

«Խորը վշտով  հաստատում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 31-ին Ավստրալիայում ինքնաթիռի վթարի հետեւանքով մահացել է Ռիչարդ Քազինսը եւ նրա հարազատներից չորս հոգի», - ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պոլ Ուոլշը ցավակցություն է հայտնել վթարի կապակցությամբ: «Խորապես ցնցված ենք այս սարսափելի լուրից: Compass Group-ում բոլորի մտքերը Ռիչարդի ընտանիքի եւ ընկերների հետ են»,-ասել է Ուոլշը:

Compass Group-ը կորպորատիվ սննդի սպասարկման ոլորտում աշխարհի խոշորագույն  ընկերությունն է: Այն գործում է աշխարհի 50 երկրներում՝  կազմակերպելով սննդամթերքի մատակարարումը գրասենյակներին, գործարաններին, դպրոցներին, բուհերին, հիվանդանոցներին, բանտերին, սպորտային օբյեկտներին եւ նավթային հարթակներին: Ամեն տարի ընկերությունը սպասարկում է շուրջ չորս միլիարդ մարդու: