Բանակում ամեն զոհի հետեւում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Այս տարի Զինված ուժերում երկու զոհ ունենք․ թունավորում շմոլ գազից եւ հակառակորդի դիպուկահարի կրակոց։ Բանակի ու առաջնագծի վերազինման մասին դիֆերամբների ֆոնին՝ առավելեւս սարսափելի է։
Դեռեւս նախորդ տարեվերջին գրավոր դիմել եմ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, միջնորդելով, որ հանձնաժողով հրավիրվեն համապատասխան պաշտոնյաները եւ տեղի ունենա քննարկում՝ զոհերի վիճակագրության, դեպքերի քննության եւ դրանցից արված հետեւությունների մասին։
Մենք թույլ չենք տալու, որ սա ուղղակի դառնա լրահոսի վերնագիր։ Ամեն զոհի հետեւում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու եւ մենք պետք է գտնենք նրանց։ Սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի ՊՆ-ի փոխանցմամբ, հունվարի 6-ին ժամը 02:10-ի սահմաններում դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Նախնական տվյալներով՝ զինծառայողը թունավորվել է շմոլ գազից:
Իսկ արդեն հոկտեմբերի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Վաչե Չիլինգարյանը:




























