Հայաստանի եզդիական համայնքը՝ ամենամեծ ազգային փոքրամասնությունը, Ամանորը նշում է ոչ թե դեկտեմբերի 31-ին, այլ ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեց եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Էզդիխանա» թերթի խմբագիր Խըդր Հաջոյանը:

«Եզդիները դեկտեմբերի 31-ին էլ են նշում ` հարգելով մյուսներին: Սակայն մենք ունենք մեր նոր տարին, որը նշվում է  ամեն տարվա ապրիլի 13-ից հետո, առաջին չորեքշաբթի օրը եւ կոչվում է «չարշշամա սարե սալե»,-ասաց Խըդր Հաջոյանը` շարունակելով. «Մենք ասում ենք ոչ թե նոր տարի, այլ՝ տարեսկիզբ: Այդ օրը եզդիները գնում են գերեզմանատներ, որից հետո շարունակում քեֆ-ուրախությունը: Գնում ենք գերզեմանատուն, որովհետեւ մենք կարծում ենք, որ մահացածներին չպետք է  մոռանալ, իրենք մեզ հետ են եւ մեզ հետ են նշում Նոր տարին»:

Եզդիական համայնքի ամանորը կապվում է  Մալակե Տաոսի ծննդյան հետ,  ով Աստծո կողմից ուղարկված առաքյալ է: Եզդիների մոտ հաճախ Սուրբ Ծնունդն ու Ամանորը նույն օրն է նշվում: Սուրբ Ծննդյանը եզդիական համայնքը եւս ձվեր է ներկում, հիմնականում` կարմիր, սպիտակ, դեղին ու կանաչ գույներով:

«Կարմիրն ու սպիտակը խորհրդանշում են մեր դրոշը, դեղինը`արեւը, իսկ կանաչը` սիրամարգի խորհրդանիշն է»,-ասաց Խըդր Հաջոյանը:

Նա նշեց, որ եզդիների մոտ Նոր տարուն արգելվում է սեղաներին դնել կաղամբ ու խոզի միս:

«Դրանք ուտելը մեղք է համարվում: Մեր բանահյուսության մեջ, երբ եզդիների ցեղապետը թշնամուց փախչելիս է լինում, խոզը շարժվում է եւ այդ ձայնից հայտնաբերում են ցեղապետին ու սպանում: Խոզի միս չուտելը, սակայն գիտական հինավորում էլ ունի: Ժամանակ կար, երբ տարածված էր խոզի հիվանդությունը, ինչի պատճառով շատ եզդիներ մահացան»:

Խըդր Հաջոյանը նշեց, որ թե՛ օրենքով, թե՛  եզդիական կրոնով արգելվում է սեղանին նաեւ կանեփ դնել:

Մալակե Տաոսի տոնին (եզդիների ամանորին) ընդունված է միմյանց բազմապիսի նվերներ տալ: