Պարզվում է, որ ընտանիքի ամենաաբարդ անդամներն են մայրերը, քույրերը ու կանայք, այս մասին հայտնել են գիտնականները American Sociological Review ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ազգականուհիների հետ հարաբերությունները շատերի համար երկսայր թուրի նման է։ Մի կողմից նրանք կարող են լինել ընտանիքի այնպիսի անդամներ, որոնցից շատ կախված է Ձեր կյանքը, իսկ մյուս կողմից հենց նրանք են հաճախ լինում շփումների մեջ «ամենադժգոհ» ու «ամենաանհարմար»  ազգականները, հայտնել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի գիտնական Կլոդ Ֆիշերը։

Կալիֆորնիացի գիտնականները հարցում են իրականացրել նահանգի ավելի քան հազար բնակիչների շրջանում, որոնք մոտ 12 հազար ազգակցական կապեր ունեին։ Նրանց խնդրել են պատմել, թե որ ազգականների կամ ընկերների հետ շփումն է իրենց համար ամենից բարդ։

Պարզվել է, որ ընտանեկան հարաբերությունները հարցման մասնակիցներին ավելի շատ էին մտահոգում, քան ընկերների ու անծանոթների հետ շփումը։ Միջինը նրանց տհաճություն էր պատճառում ազգականների 15 տոկոսի, իսկ ընկերների կամ անծանոթների՝ ընդամենը 6-7 տոկոսի հետ շփումը։

Հետաքրքիր է նաեւ , որ հարցման յուրաքանչյուր երրորդ մասնակցի խոսքով՝ հոգեբանական տեսակետից ամենից բարդն ու տհաճը մայրերի, քույրերի ու կանանց հետ շփումն է։

Ընդ որում նման տեսակետ են հայտնել ոչ միայն ամուսինները, որդիներն ու թոռները, այլեւ դուստրերը, քույրերն ու մայրերը։

«Մարդիկ ասում են, որ ամուր ընտանեկան ու սոցիալական կապերը օգտակար են հասարակության ու անհատի համար, սակայն դրանք մյուս կողմից էլ կարող են նույնքան սթրես առաջացնել, որքան ուրախություն»,- ասել է Ֆիշերը։