Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հունվարի 20-ին Բաղդադում հանդիպել է քրդական ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Al Sumaria հեռուստաալիքը:

Սա դաշնային կառավարության եւ քրդական ինքնավարության միջեւ քաղաքական գործիչների առաջին պաշտոնական հանդիպումն է ճգնաժամից ի վեր:

Բանակցությունների մանրամասների վերաբերյալ տեղեկություն դեռեւս չկա:

Հունվարի 21-ին Բարզանին ուղեւորվելու է Թեհրան, որտեղ Իրանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները:

Նույն օրը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կժամանի Իրաքի մայրաքաղաք` ալ Աբադիի հետ կենտրոնի եւ տարածաշրջանի իշխանությունների միջեւ առկա հակասությունների կարգավորման հարցում Անկարայի միջնորդության հարցը քննարկելու համար:

Ավելի վաղ Նեչիրվան Բարզանին հայտարարել էր Իրանի եւ Թուրքիայի (սեպտեմբերին Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեից հետո Իրաքի քրդերի դեմ Բաղդադի պատժամիջոցներին Թուրքիան իր աջակցությունն էր հայտնել) հետ Էրբիլի  հարաբերությունների կարգավորման մասին: