Ճապոնիայի կառավարությունը մտադիր է անցկացնել վճռական արտաքին քաղաքականություն՝ ուղղված Հյուսիսային Կորեային հարկադրելուն փոխել իր քաղաքականությունը եւ հրաժարվել հրթիռամիջուկային ծրագրից: Այս մասին երկրի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է խորհրդարանի հերթական նստաշրջանն սկսելու առիթով իր ծրագրային ելույթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Տոկիոն պատրաստվում է նաեւ ամրապնդել իր անվտանգությունը, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության վերգետնյա Aegis Ashore համալիրների տեղակայման եւ նոր հրթիռների ներդրման ճանապարհով:

«Հրթիռամիջուկային ծրագիրը, որը Հյուսիսային Կորեան զարգացնում է, աննախադեպ կարեւոր է եւ մեզ վրա կախված սպառնալիք է: Ուռճացում չի լինի եթե ասեմ, որ մեր երկրի անվտանգության շուրջ իրավիճակը Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ամենադաժանն է»,- ասել է նա:

Ճապոնիայի վարչապետը հավելել է, որ Տոկիոն կանցկացնի «վճռական արտաքին քաղաքականություն»՝ չենթակվելով սադրանքների, որ «փոխի Հյուսիսային Կորեայի քաղաքականությունը»: Այսպիսի դիվանագիական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի Հյուսիսային Կորեան «ամբողջությամբ եւ անվերադարձ» հրաժարվի իր հրթիռամիջուկային ծրագրից, ինչպես նաեւ լուծվի Ճապոնիայի քաղաքացիների խնդիրը, որոնց առեւանգել են Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունները: