Հայաստանի համար վերջին օրերի կարեւորագույն իրադարձությունը Հայաստանի նախագահի այցն էր Ֆրանսիա՝ հանդիպումներն այդ երկրի քաղաքական ղեկավարության հետ, մասնավորապես` նախագահ Էմանուել Մակրոնի: Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ այդ հանդիպումների ժամանակ եւս մեկ անգամ հաստատվեց, որ Հայաստանը հաջող արտաքին քաղաքականություն է վարում: «Ինչպես նշել է նախագահը, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, Ռուսաստանի դաշնակից, բայց միեւնույն ժամանակ մեզ հաջողվեց լավ հարաբերություններ պահպանել Եվրամիության, ԵՄ անդամ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ, որը մեզ համար բարեկամ երկիր է»,- ասել է Շարմազանովը:

Ընդ որում, նա նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են բազմաթիվ բնագավառներում: Բացի այդ, խորհրդարանի փոխխոսնակի կարծիքով, Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովի ընթացքում Հայաստանը միաժամանակ կդառնա աշխարհի քաղաքական կենտրոններից մեկը:

Շարմազանովը գտնում է, որ Ֆրանսիայում կայացած հանդիպումները շատ տպավորիչ էին, կողմերի միջեւ առկա փոխըմբռնումը ակներեւ էր: «Հայաստանը կշարունակի զարգացնել ժողովրդավարությունը եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել: Ֆրանսիական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը ակտիվ մասնակցություն ունենալ դրանում եւ Երեւանին համապատասխան աջակցություն ցուցաբերել»,- եզրափակեց իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչը: