Ամփոփվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ներքին կառավարման համակարգի կատարելագործման եւ Բոլոնիայի գործընթացի հիմնական դրույթների իրագործման նպատակով բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում դրամաշնորհային մրցույթների արդյունքները:
Հայաստանի ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրամաշնորհային ծրագրերի մրցույթների մասնակցության հայտ էին ներկայացրել 11 հաստատություն ու կազմակերպություն, մասնավորապես, 7 բուհ եւ 4 կազմակերպություն:
Մրցույթի արդյունքում բարձրագույն ուսումնական հաստատությունների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել.
«Կրեդիտների կուտակման եւ փոխանցման համակարգի բարելավում` որպես շարժունությունը ապահովող եւ Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածքին ինտեգրման կարեւոր գործիք» անվանակարգում` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանները, «Բարձրագույն եւ ուսումնական հաստատությունների կառավարման գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության համակարգի կատարելագործում» անվանակարգում` Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, «Ուսանողների գնահատման նոր մեխանիզմների Մշակում եւ ներդրում» անվանակարգում` Գավառի պետական համալսարանը, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի եւ Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծություն» անվանակարգում` Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ն եւ «Այ Փի Էս ՍԻ» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ն:




























