Հայաստանին օգնած գերմանացի Ուրզուլա Լինդեի մոխրացած աճյունի հետ մարտի 3-ին Մայնցում հողին են հանձնելու նաեւ Հայաստանից ուղարկված հողն ու չորացրած տերեւները: Արարողության ժամանակ հնչելու է Կոմիտասի «Կռունկը»:
Ուրզուլա Լինդեն մահացել է հունվարի 8-ին: Կտակի համաձայն, 81-ամյա կնոջ մահվան մասին դեռեւս ոչ ոքի չեն ասել, գիտեն միայն ընտանիքի մտերիմները, այդ թվում հայաստանցի դոցենտ, գերմաներենի մասնագետ Կարինե Աթոյանը:

«Ուրզուլան ժառանգել էր, որ իրեն այրեն, ինչն էլ ընտանիքն արեց 3 օրվա ընթացքում: Ուրզուլան մինչեւ մահանալը ծառ էր գնել գերեզմանոց անտառում, որտեղ էլ մարտի 3-ին արարողությունը պետք է տեղի ունենա: Ինձ միշտ ասում էր՝ վերջին օգուտս պետք է տամ բնությանը, պիտի խառնվեմ իմ բնությանը: Այդ օրվա համար ես Հայաստանից հող, քար ու չորացրած տերեւ եմ ուղարկել»,- նշում է Կարինե Աթոյանը:
Ուրզուլա Լինդեն հայկական արմատներ չունի: 1986թ.-ին Գերմանիայում պատահաբար ծանոթանում է ԽՍՀՄ-ից մեկնած պատվիրակության անդամ Կարինե Աթոյանի հետ, հենց այս հանդիպումն էլ ճակատագրական է դառնում:

«Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացումն էր: Նրան պատմեցի, որ գերմաներենի ամբիոնի վարիչն եմ, մենք հնարավորություն չունենք գրականությունից օգտվելու, որովհետեւ Սովետական միության տարիներին սահմանափակվում էինք միայն մեզ մոտ հրատարակվող գրքերով: Լինդեն խոստացավ, որ մենք կունենանք լավագույն գրքերը, այդպես էլ եղավ: Պատկերացրեք՝ այդ թվերին շատ դժվար էր Հայաստան գիրք ուղարկելը, բայց նա դա արեց»,- պատմում է Կարինե Աթոյանը:
Սովետական միության փլուզումից հետո Ուրզուլա Լինդեն որոշում է Հայաստանում կրթական կենտրոն բացել, որտեղ երեխաները ոչ միայն գերմաներեն կսովորեն, այլեւ կնկարեն, կերգեն: Կարինե Աթոյանը հիշում է, թե երեխաներն ինչ ոգեւորությամբ էին գալիս մանկական կենտրոն. «Այդ կենտրոնի համար գրքեր է ուղարկել, զարգացնող խաղեր, գումար, որ երեխաներին նախաճաշ պատրաստեինք: Բրյուսովի ուսանողներն էլ երեխաների հետ պարապում էին: Կենտրոնում սովորող երեխաներից շատերը հետագայում դարձան գերմաներենի մասնագետներ»:

Կարինե Աթոյանի խոսքով, Ուրզուլա Լինդեն շատ է օգնել նաեւ երաժիշտներին՝ նրանց համար տարբեր ծրագրեր գտնելով: Հենց այս ծրագրերի շնորհիվ շատ երաժիշտներ այսօր մեծ հաջողությունների են հասել: Բացի դրանից, գերմանացի կինն օգնել է նաեւ մանկապարտեզներին, հագուստ եւ գումար ուղարկում մանկատներին: Հայաստանցի ուսանողների համար էլ նա World University Service-ի օգնությամբ կրթաթոշակներ էր տալիս:

«Մեծահարուստ չէր, շատ համեստ կին էր, ուզում էր ստվերում մնալ, չէր ուզում, որ իր արածի մասին գրեին, խոսեն... ուղղակի շատ զարմանալի բարոյականության տեր, օգնելու պատրաստակամության տեր մարդ էր, շատ եմ ցավում, որ մահացավ...»,- ասում է Կարինե Աթոյանը:

Ուրզուլա Լինդեն վերջին 10 տարիներին Հայաստան չի եկել, առողջական խնդիրներ ուներ, ինքնուրույն շարժվել չէր կարողանում, բայց որեւէ մեկին չէր անհանգստացնում, միայնակ էր ապրում. «20 տարի ամեն կիրակի ժամը 10:00-ին ինձ զանգահարում էր, միշտ լավատես էր, հազիվ էր քայլում ու տեսնում, բայց միշտ ասում էր՝ անգամ այս ամենի մեջ պետք է լավը տեսնել: Սոցիալական մտածելակերպ ուներ Ուրզուլան, միշտ ասում էր՝ մարդ պետք է մտածի մյուսների մասին, չպետք է սահմանափակվի իր անձով, շատ ուշադիր էր շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ»:





























