ճանապարհային ոստիկանությունն այսօր՝ փետրվարի 26-ին, հայտարարություն է տարածել, ըստ որի՝ շարժական արագաչափերի կիրառումից հետո ավտովթարների հետեւանքով զոհերի թիվը 3 անգամ նվազել է: NEWS.am-ի հետ զրույցում «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն անդրադառնալով ՃՈ այս տվյալներին, նշեց, որ դրանք արժանահավատ չեն, ավելին, վաղաժամ արված ենթադրություններ են:
«Ոստիկանությունը «Տեր Վռազի» նման շարժական արագաչափերի կիրառումից 15 օր անց արդեն որոշել է, որ մահացու դեպքերը պակասել են: Շատ կներեք, կա՞ ինչ-որ մի չափանիշ, որ 15 օրը մեկ են ուսումնասիրում դա, ո՞վ ա տեսել, որ 15 օրը մեկ հաշվարկեն՝ ինչքան վթար է եղել, ինչքան մարդ է մահացել: Տարիներ շարունակ տեսախցիկներով թալանում են. ինչքան մահ ու վթար լինի, էդքան լավ, որ հետո ասեն՝ տեսեք ինչքան զոհ կա, որ արդարացնեն տեսախցիկների առկայությունը: Հիմա հայրենասիրությունը խեղդել է իրենց, ասում են ՝ 15 օրվա ընթացքում վթարները պակասել են, հլը սպասեք, գարունը պրծնի նոր վերլուծեք»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ շարժական արագաչափերի էֆեկտիվության մասին խոսել ճիշտ կլինի մայիսին, երբ անհրաժեշտ ժամանակ անցած լինի եւ հնարավոր լինի վերլուծություն անել:
Նշենք, որ ՃՈ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ շարժական արագաչափ սարքերի կիրառումից 15 օր առաջ եղել է հետեւյալ վիճակագրությունը. 138 ավտովթար եւ 16 զոհ: Իսկ արագաչափ սարքը տեղադրելուց հետո 15 օրվա ընթացքում 128 ավտովթար եւ 5 զոհ: Այսինքն, զոհերի թիվը նվազել է 3-ից ավելի անգամ եւ վկայում է այն մասին, որ որդեգրված մարտավարությունը արդյունավետ է»:




























