Ներկայումս գործող Ազգային վիճակագրական ծառայության փոխարեն ունենալու ենք մարմինների նոր համախումբ, որտեղ աԱռաջինը պետական խորհուրդն է, որը որպես բարձրագույն մարմինն է այս ոլորտի, երկրորդ՝ վիճակագրության պետական կոմիտեն է, ապա հանրային խորհուրդը եւ վիճակագրական արտադրանք թողարկողները եւ տարածողները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին,  «Պաշտոնական վիճակագրության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց օրինագծի համազեկուցող, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նա անդրադարձավ վիճակագրական տվյալների անաչառության ու հավաստիության խնդրին՝ նշելով.  «Ոնց մենք ստուգենք՝ տվյալները հավաստի են, թե ոչ: Էսքան ժամանակ եղե՞լ է դեպք, որ որեւէ քաղաքացի դատի տա, վիճարկի այդ տվյալները եւ պարզվի, որ այդ տվյալները ճիշտ չեն: Կա՞ դատապարտված անձ կեղծ վիճակագրական տվյալներ ներկայացնելու կամ հրապարակելու համար: Ասենք ձեռնարկությունը կեղծ տվյալներ է տալիս վիճակագրական մարմնին, դրա համար պատասխանատվություն կրելո՞ւ է: Պետք է այս օրենքով լուրջ հիմքեր դնենք, որոնք կտա այդ հարցերի պատասխանը»:

Միքայել Մելքումյանը նկատեց, որ թեեւ օրենքում նշվում է, որ վիչակագրական պետական կոմիտեն անկախ մարմին է, բայց բոլոր դեպքերում այն ֆինանսավորվում է բյուջեի կողմից, այսինքն ֆինանսավորման առումով անկախ չէ: Մելքումյանն առաջարկեց, որ ֆինանսական հարաբերական անկախություն ապահովելու համար ճիշտ կլինի, որ պետական բյուջեի առանձին տողով նրանց տրվեն այդ միջոցները, ոչ թե գումարը գնա կառավարություն, այտեղ որոշեն բաշխումը:

«Վիճակագրության գլխավոր խնդիրն է այնպիսի տվյալների ստացումը, որոնք ճիշտ ազդակներ կհաղորդեն հանրությանը՝ երկրի զարգացման, տեմպի, վիճակի մասին»,-ընդգծեց Մելքումյանը:

Նրա խոսքով, օրինակ գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 17 տոկոս է, այսինքն տարեկան այդ ոլորտը ստեղծում է 1,7 մլրդ դոլարի արտադրանք: «Դա բաժանում ենք գյուղացիական տնտեսությունների թվի՝ 300 հազարի վրա եւ ստացվում է յուրաքանչյուն գյուղացիական տնտեսություն ամսական ունի 550 դոլարի աշխատանքի արտադրողականություն: Այսինքն այդքան արդյունք է ստեղծում. Դա ճի՞շտ է թե ոչ: Դա այնքան ցածր թիվ է, որ չի համապատասխանում իրականությանը: Եթե մենք հանենք այդ 550 դոլարը ստեղծելու ծախսերի վրա, կստանանք 150-200 դոլար»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Նոր օրինագիծ. ստեղծվում է վիճակագրության պետական կոմիտե, որի նախագահը կնշանակվի վարչապետի ներկայացմամբ