Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է, որ ձեւավորվելիք Բարձրագույն դատական խորհուրդը կլինի արդար եւ գործունյա:

Այսօր՝ փետրվարի 28-ին, խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը մասնակցելուց հետո Բաբլոյանը լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչ սպասելիքներ ունի նոր ձեւավորվող խորհրդից, ասաց. «Արդար եւ գործունյա խորհուրդ ձեւավորվի»:

Հարցին՝ արդյոք երկրում արդարադատության պակաս կա, ԱԺ նախագահն արձագանքեց. «Չէի ասի, բայց մշտական բարեփոխումներն անհրաժեշտ են»:

Հիշեցնենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է խորհրդարանը, մյուս 5-ը կլինեն դատավորներ:

Նշենք, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝ Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին: