Այն, որ մեր երկրում տոտալ անվստահություն կա իշխանության հանդեպ, դա փաստ է, բայց մեր երկրում կան մի քանի կառույցներ, որոնց հանդեպ անվստահությունը ձգտում է անսահմանության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այդպիսի կառույցների թվում են ԿԸՀ-ն, Ազգային վիճակագրության ծառայությունը:

Նա դիմեց Ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանին՝ հարցնելով. «Դուք փորձել եք հասկանալ, թե ինչու ձեր տրամադրած վիճակագրական թվերին, լինի գործազրկության, լինի աղքատության, լինի արտագաղթի, լինի գնաճի մասին, հանրությունը չի հավատում: Չի հավատում, որովհետեւ այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում: Միակ ստանդարտը, որին դուք պետք է համապատասխանեցնեք ձեր գործունեությունը, իրականությունն է, դա փաստն է»:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ երկրում աղքատությունն աճում է, իսկ ԱՎԾ-ի թվերով իջնում է. «Մարդիկ լքում են Հայաստանը չգիտեմ ինչ ամպլիտուդ արագությամբ, դուք տալիս եք կասկածելի տեղեկություն: Ասում եք՝ գնաճը 2,6 տոկոս է, անհարմար է, ծիծաղելի է: Հիմա կասեք՝ սրանք են գործիքները: Պարոն Մնացականյան, միգուցե ձեր օրենքի վրա գրեիք՝ փոփոխություն վիրտուալ Հայաստանի համար, ես կհասկանայի, որովհետեւ ձեր տրամադրած տվայլները այլ Հայաստանի համար են, որտեղ ապրում եք դուք եւ ձեր իշխանությունը», - ասաց նա:

Վերջինս ընդգծեց նաեւ, որ ինքն անձամբ գիտի դեպք, որ նախկին գյուղնախարարներից մեկը կեղծ տեղեկատվություն ստանալու համար գրավոր ներքին շրջաբերական էր ուղարկում մարզպետներին ու ասում, թե ինչ տեղեկատվություն պիտի տրամադրվեր. «Հիմա դուք ունե՞ք մեխանիզմներ ճշտելու այդ տվյալների հավաստիությունը»:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ժամանակին ԱԺ ամբիոնից Հրանտ Բագրատյանն առաջարկեց գնդակահարել Ստեփան Մնացականյանին. «Իհարկե, ես նման առաջարկությամբ հանդես չեմ գա, բայց շատ եմ ցանկանում, որ պաշտոնյան, որը պրոֆեսիոնալ է, իսկ դուք պրոֆեսիոնալ եք, ունի ընտրություն՝ կա՛մ մնալ պրոֆեսիսնալ ու կատարել իր պարտքը, կա՛մ լինել կամակատար»: