Սումգայիթյան ոճրագործությունների իրական գնահատականը չի տրված: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Սա թույլ է տալիս Ադրբեջանին ամեն ինչ ներկայացնել ծուռ հայելիների մեջ, գլխիվայր շուռ տալով իրականությունը, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, որ սումգայիթյան ոճրագործությունը այդ ժամանակի համար ամենափաստագրված հատվածն է իրենց կատարած ոճրագործությունների: Անգամ այդ ժամանակվա դատարանները հաստատել են փաստը, որ կատարվել է հայերի դեմ կոնկրետ ցեղասպանական գործողություններ: Սա մենք պետք է օգտագործենք վեր հանելու համար այն կեղծիքը, որ Ադրբեջանում տիրում է»,-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով, ցինիզմը Ադրբեջանում հասել է նրան, որ Խոջալուն են դարձրել դրոշակ, իբր այնտեղ է տեղի ունեցել ցեղասպանություն. «Անգամ փորձում են ներկայացնել, որ հայերն են իրենց դեմ կատարել այդ գործողությունները Սումգայիթում: Այս այլանդակություններին պետք է վերջ տրվի»:

Հիշեցնենք, որ հայտարարությանը միացել են ԱԺ բոլոր 4 խմբակցությունները:

Նշենք, որ այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի դեմ կատարված բռնությունների զոհերի եւ տեղահանված անձանց հիշատակության օրն է: