Առհասարակ մատ պետք չէ թափ տալ ոչ մեկի վրա, դա վաղուց չի աշխատում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Ալիեւի վրա այս ամբիոնից մատ թափ տալն անհասկանալի է, դա պետք է անել դրսում:
«Եթե մեր խնդիրը պարզապես ինքաբավ կերպով, հաղթական դեմքով նստելն է հերթական շատ լավ ելությից հետո, որը կարող է չունենալ որեւէ արտաքին արձագանք, ապա արտաքին լսարանը խուլ կմնա այդ գործելաոճին: Մատ թափ տալը մեր գործը չէ, մեր փոխարեն մատը թափ է տալիս մեր զինվորը սահմանին: Մեր խնդիրը քաղաքական փաստարկների, ինտելեկտուալ աշխատանքի, ասելիքի եւ ասելիքի ձեւերի բազմազանության մեջ արդարությունը միջազգային մեր գործընկերներին հասցնելն է»,-ասաց Աշոտյանը՝ նկատելով, որ հատկապես այս գումարման խորհրդարանը այդ առումով բավական խոստումնալից է սկսել իր աշխատանքը. «Խորհրդարաանական բոլոր վերահժողովներում չենք զիջել, հակառակը ամրապնդել ենք մեր դիրքերը, եւ դա թիմային աշխատանքի արդյունք է»:
Արմեն Աշոտյանը կոչ արեց կորտել արատավոր շղթան, որը արտահայտվում է հետեւյալ 4 բաղադրիչներով. իրադարձություն, ցավ, ցասում, պաթոս: «Պաթոսի փոխարեն պետք է լինի գործողություն, որը կարող է ներառել փաստական քարոզչական նյութերի տարածում, նաեւ հետեւողական քաղաքական աշխատանք»:
Աշոտյանը հիշեցրեց, որ 1988-ի հուլիսի Եվրախորհրդարանն անմիջապես սումգայիթյան ջարդերից հետո ընդունեց բանաձեւ, որտեղ այդ ջարդերը անվանեց «պոգրոմ», փաստեց, որ հայկական ջարդեր են եղել, նաեւ հայերի հանդեպ բռնություններ Բաքվում:
Հիշեցնենք, որ հայտարարությանը միացել են ԱԺ բոլոր 4 խմբակցությունները:
Նշենք, որ այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի դեմ կատարված բռնությունների զոհերի եւ տեղահանված անձանց հիշատակության օրն է:




























