Ազգային ժողովն, այսօր՝ փետրվարի 28-ին, առաջին ընթերցմամբ քննարկել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի առիթը Վանաձորի ավագանու նստերի իրավազության հետ կապված ՍԴ որոշումն է:
Օրինագիծը ներկայացնող Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց. «Օրենքում նման փոփոխության առիթը եղել է ՍԴ որոշումը, ըստ որի վիճարկվել էօրենքի այն դրույթը, որ ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ ավագանու անդամներ: Մենք դա փոխել ենք եւ դարձրել ենք «օրենքով սահմանված թվի կեսից ավելին»:
Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը որոշել էր ավագանու նիստեր անցկացնել ավագանու 33 անդամների ընդամենը 1/4-ի ներկայությամբ, քանի որ երեք ընդդիմադիր խմբակցություններ բոյկոտում էին նիստը: Վանաձորի քաղաքապետը հենվում էր ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, ըստ որի կարելի է նիստեր անցկացնել ոչ թե ավագանու անդամների կեսից ավելիի, այլ 1/4-ի ներկայության դեպքում:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այս դրույթը վիճարկել էր Սահմանադրական դատարանում եւՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել այն:




























